Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

ՆԱՏՕ- ն Ռուսաստանի թշնամին է և նրան պետք է ոչնչացնել. Դմիտրի Մեդվեդև

ՆԱՏՕ- ն Ռուսաստանի թշնամին է և նրան պետք է ոչնչացնել. Դմիտրի Մեդվեդև
05.12.2025 | 11:28

Բանակցությունների ձախողման ֆոնին ՆԱՏՕ- ի ներկայացուցիչներն անցել են ահաբեկումների և սպառնալիքների

ՆԱՏՕ- ն, ինչպես արդեն տեղեկացրել էինք դեկտեմբերի 1-ի մեր հրապարակումներից մեկով, արդեն բացեիբաց հայտարարել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորության մասին:

Նրանց համար, ովքեր դեռ ծանոթ չեն ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեի հայտարարությանը, նշենք, որ ծովակալը «Financial Times» թերթին տված հարցազրույցում խոսելով Ռուսաստանի կողմից իբր կատարվող «հիբրիդային հարձակումներին» Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքի մասին, հայտարարել է, որ «կանխարգելիչ հարվածները կարող են դիտարկվել որպես պաշտպանական գործողություններ»:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին երեկ հայտնել է, որ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների արտգործնախարարների հանդիպման արդյունքում «Ռուսաստան- ՆԱՏՕ» խորհուրդը պաշտոնապես վերացվել է: Սիկորսկու խոսքով՝ այս մասին Բրյուսելում նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Խոսքը համագործակցության նպատակով և անվտանգային նկատառումներով ստեղծված մի խորհրդի մասին է, որը տարիներ շարունակ արդեն փաստացի չէր գործում:

Վերոնշյալ հայտարարությամբ հանդես գալով, Սիկորսկին ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության նկատմամբ մոտեցումը փոխվել է, և հայտարարել «Ռուսաստանի դեմ եվրոպական անվտանգության» ստեղծման մասին:

«Ֆորմալ որոշումներից տեղ է գտել ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ արդեն գոյություն չունի «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհուրդը,- նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Սիկորսկին։- Դա այն է, ինչին ձգտում էր լեհական կառավարությունը, իսկ այժմ այն փաստ է դարձել»:

Մեկնաբանելով դաշնակիցների որոշումը, Լեհաստանի արտգործնախարարն ասել է, որ «Դա ինստիտուտ էր, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ թվում էր, թե եվրոպական անվտանգությունը կարելի է ստեղծել Ռուսաստանի հետ։ Այդ ժամանակներն անցել են»։

Ռուսաստան- ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002թ. մայիսի 28- ին Հռոմում՝ որպես Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների խորհրդատվությունների հարթակ: «29+1» ձևաչափը նախատեսում էր կողմերի մասնակցությունը հավասար իրավունքներով։ Խորհրդի շրջանակներում քննարկվել են անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի և ռազմական միջադեպերի կանխարգելման հարցեր:

2014 թվականից հետո ՆԱՏՕ- ն դադարեցրել է Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը և թողել միայն քաղաքական երկխոսությունը, ինչի հետևանքով «Ռուսաստան- ՆԱՏՕ» խորհրդի նիստերն անցկացվել են անկանոն, իսկ վերջին տարիներին նրա աշխատանքը փաստացի դադարեցվել է։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ՝ «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի լուծարման մասին Լեհաստանի արտգործնախարարի հայտարարության օրը, արձագանքելով ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի նախագահի հիշյալ հայտարարությանը, նշել է, որ Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին ՆԱՏՕ- ի ներկայացուցիչներն անցել են ահաբեկումների և սպառնալիքների:

Ըստ Զախարովայի, ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի ղեկավարը փաստացի եզրակացնում է դաշինքի ավելի ագրեսիվ գծի անհրաժեշտության մասին։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հարցազրույցում ուղղակիորեն խոսել է այն մասին, որ, ժամանակն է, ՆԱՏՕ- ն ավելի ագրեսիվ գործի, և դրանով հնարավոր է համարել Ռուսաստանին կանխարգելիչ հարվածների հնարավորությունը՝ իբր պատասխան տալու պատրվակով: Զախարովան ընդգծել է, որ խոսքը ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի նախագահի մասին է, այսինքն՝ ոչ թե ինչ- որ մի սովորական պաշտոնյայի:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արդեն մեկնաբանել էր «Financial Times» թերթին ծովակալի հարցազրույցը, որում նա հնարավոր էր համարել Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կանխարգելիչ հարվածները ՌԴ- ին: Զախարովան արձագանքելով Դրագոնեի ասածին, հայտարարել էր ՆԱՏՕ- ի անպատասխանատվության մասին։

Ջուզեպե Կավո Դրագոնեի հայտարարությանը և ՆԱՏՕ- ի որոշմանը երեկ շատ արժանավայել կերպով արձագանքել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ ասելով, որ ՆԱՏՕ- ն Ռուսաստանի թշնամին է և նրան պետք է ոչնչացնել:

«Հյուսիսատլանտյան դաշինքն ուրախությամբ աղաղակեց Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի լուծարման մասին,- X սոցիալական ցանցում գրել է Մեդվեդևը:-

Պետք է խոստովանեմ, որ կիսում եմ նրանց հրճվանքը։ ՆԱՏՕ- ն մեր թշնամին է։ Ընդհանրապես ի՞նչ «խորհրդի» մասին ենք խոսում։ Թշնամիների հետ գլուխ կարելի է հանել միայն մեկ ճանապարհով»:

Նա նաև մեջբերել է ռուս գրող Մաքսիմ Գորկիին. «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են»:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է նաև այն մասին, որ մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ- ն քննարկում են Ուկրաինայում հնարավոր խաղաղությունը, Եվրամիության երկրները ինտենսիվորեն առաջ են տանում հակամարտության և պատերազմի շարունակությունը «մինչև վերջին ուկրաինացին»: Նա հույս է հայտնել, որ Կալլասը և ֆոն դեր Լյայենը, որոնք այդ գաղափարների խոսափողն են, կվերանան քաղաքական դաշտից։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ